2019 թ․ հոկտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ  «Գյումրի-Երևան 2019» Էքսպորտ Բիզնես Մարաթոնը։ Հոկտեմբերի 16-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Գյումրի-Երևան 2019» բիզնես համաժողովի պաշտոնական բացումը, որից հետո աշխատանքները շարունակվեցին արդեն Երևանում։  

Նախագիծը իրականացվել է Հայաստանի Հանրապետության Արտադրողների և դիստրիբյուտորների ասոցիացիայի և «Իվենթսենթր» ընկերության կողմից` ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ և Շիրակի մարզպետարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Բիզնես Մարաթոնի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ժամը 15.00-ին «Էլիտ Պլազա» Բիզնես-Կենտրոնի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ ռուս և հայ գործարարների բիզնես-հանդիպման պաշտոնական բացումը։

Միջոցառման շրջանակներում անցկացվել են տարածաշրջանների արտահանման ներուժի շնորհանդեսներ, Ռուսաստանի Դաշնության արտահանման աջակցման Կենտրոնների և Առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հանդիպում Շիրակի մարզպետի հետ, գործնական բանակցություններ, կոնտակտների բորսա և  B2B հանդիպումներ, այցելություններ Շիրակի մարզի առաջատար ձեռնարկություններ, Արմպրոդ Expo 2019 ցուցահանդես, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, Երևանի Քաղաքապետարան և այլն։

Միջոցառման հիմնական նպատակներն են արտերկրյա և հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների կազմակերպում, նոր գործնական կապերի ձեռքբերում, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, ուղղված արտահանման և արտաքին առևտրի ծավալների ավելացման։ 

Արտերկրյա պատվիրակությունների կազմում ներկայացված էին մոտ 20 ընկերությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության Պերմի տարածաշրջանից և Կալուգայի մարզից, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում՝ կաթի արտադրման և վերամշակման համար սարքավորումներ; մեքենաշինության համար  պահեստամասեր, առանցքակալներ; կեղտաջրերի մաքրման կայաններ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և ջրահեռացման օբյեկտների սարքավորումներ; արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման համար միկրոպրոցեսորային սարքավորումներ; խողովակները և ձողերը վերանորոգելու սարքավորումներ; ժամանակակից և բարձր տեխնոլոգիական հեծանիվների, հեծանիվների պահեստամասեր և պարագաներ; տարբեր ոլորտների համար ակտիվացված փայտածուխ; մետաղական սպասք, կաթնամթերքի համար նախատեսված ալյումինե տառաներ, պողպատյա խողովակների արտադրության և թափոնների հեռացման ու վերամշակման հիմնախնդիրների  լուծումներ։

Գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար ընտրվել են արտահանման համապատասխան շուկաներ և կազմակերպվել են բանակցություններ շահագրգիռ հայկական ընկերությունների հետ, ինչպես նաև այցեր Հայաստանի պրոֆիլային ձեռնարկություններ՝ արտադրական և առևտրային հնարավորությունների գնահատման, համագործակցության մանրամասների քննարկման, ինչպես նաև փորձի փոխանակման և արտադրական կոոպերացիայի նպատակով։